Ազգային երգ ու պարի ակադեմիան միավորել էր համախոհներին

  • Home
  • Ազգային երգ ու պարի ակադեմիան միավորել էր համախոհներին

Ազգային երգ ու պարի ակադեմիան միավորել էր համախոհներին

  • Հուլիսի 7, 2018

Հունիսի 22-ը` մի արևոտ օր, ավելի լուսավոր դարձրեց Ազգային երգ ու պարի ակադեմիան։ Ակադեմիան միավորել էր իր համախոհներին, աջակիցներին, «Այբ» դպրոցի շրջանավարտներին և այլոց։ Իսկ նրանց հյուրընկալել էր Ակադեմիայի աջակից և Հոգաբարձուների խորհրդի անդամ Արտաշես Շիրիկյանը։

Երեկոյից անպակաս էին նոր ծանոթությունները, ընկերական ջերմ խոսակցություններն ու զանազան քննարկումները։ Ազգային երգն ու պարը նույնպես այդ երեկոյի անբաժան մասն էին։ «Այբ» դպրոցի «Այբար» պարախումբը հյուրերին սովորեցնում էր հայկական ավանդական պարերը։

Միջոցառմանը ներկա էր երաժշտագետ Տաթևիկ Շախկուլյանը, որի պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ընդամենը մի քանի րոպեում ներկաները սովորեցին քառաձայն կատարել Կոմիտասի գրառած «Սև ա չոբանի շունը» կատակերգը: Սովորեցին և պարելով կատարեցին նաև «Մեր տան իտև» երգը։

Հյուրերը վայելեցին «Վան Արդի» ընկերության տրամադրած անուշահամ գինին և ավանդական մածունն ու դոշաբը։

Միջոցառման ընթացքում շնորհակալագրեր շնորհվեցին «Այբար» պարախմբին, «Վան Արդի» ընկերությանը, Տաթևիկ Շախկուլյանին, ինչպես նաև «Այբ» դպրոցի շրջանավարտներ Էրիկ Ալոյանին, Կարեն Մնացականյանին և Մարիամ Հերգնյանին։

Ակադեմիայի աջակիցների և համախոհների միավորմանը միտված նմանատիպ միջոցառումները և հանդիպումները շարունական կլինեն: