Մշտադիտարկում դպրոցներում

  • Home
  • Մշտադիտարկում դպրոցներում

Մշտադիտարկում դպրոցներում

  • Դեկտեմբերի 11, 2018

Ուսուցիչների եռանդը և ինքնավստահությունը միշտ է՛լ ավելի են մեծանում, երբ դասավանդման ընթացքում ուսուցիչները ստանում են շարունակական աջակցություն: Նրանք պետք է վստահ լինեն, որ կարող են բարձրացնել իրենց հուզող խնդիրները և գտնել լուծումներ: Ուսուցիչներին աջակցություն ցուցաբերելու և «ազգային երգ ու պար» առարկայի դասավանդման որակը բարելավելու համար Ազգային երգ ու պարի ակադեմիան (ԱԵՊԱ), համագործակցելով ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ, սկսեց առարկայի մշտադիտարկման ծրագիրը:

Շաբաթներ շարունակ ԱԵՊԱ-ի մասնագետներն այցելում են մարզերի ու Երևանի դպրոցներ, փորձում վերհանել այնտեղ առկա խնդիրները և ուսուցիչներին ուղղորդել կատարողականության բարձրացման հարցում: Հիմնականում ուսուցիչների վերապատրաստում իրականացրած երգուսույցներից և պարուսույցներից բաղկացած խմբերը նոյեմբերի ընթացքում եղել են ավելի քան 50 դպրոցներում, իրականացրել դասալսումներ, ապա քննարկումներ ունեցել ուսուցիչների և տնօրենների հետ:

Մշտադիտարկում իրականացվել է Վայոց ձորի, Լոռու, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Շիրակի մարզերի և Երևանի դպրոցներում: Երևանյան այցելությունների ընթացքում ԱԵՊԱ-ի խմբերին միացել են նաև կրթության և գիտության նախարարության մասնագետները: Դեկտեմբերին ծրագիրն իրականացվելու է նաև Արմավիրի մարզում:

Այժմ քննարկվում և ամփոփվում են մշտադիտարկման առաջին փուլի ընթացքում արդեն իսկ կատարված աշխատանքները: