Չարը խափանվեց

  • Home
  • Չարը խափանվեց

Չարը խափանվեց

  • Հոկտեմբերի 19, 2017

Արևմուտքում շատերն ուրբաթ 13-ը, այսինքն՝ 13 ամսաթիվը կրող որևէ ուրբաթ օր, զուգորդում են բացասականի, վտանգի, չարի հետ և վախենում: Մարդիկ աշխատում են այդ օրն ամեն կերպ զգույշ մնալ անհաջողություններից, քանի որ օրը չարաբաստիկ է համարվում:
Իսկ ի՞նչ էր անում Ազգային երգ ու պարի ակադեմիայի թիմը հոկտեմբեր ամսվա ուրբաթ 13-ին: Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամի աջակցությամբ «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցի գողտրիկ պատերում հյուրընկալել էինք մի խումբ մարդկանց: Ստեղծված մտերմիկ մթնոլորտում երգ ու պարի, խաղի, գուշակությունների միջոցով փորձում էինք հասկանալ, թե ինչպես էին մարդիկ հնում ընկալում հաջողությունն ու անհաջողությունը, բարին ու չարը և վերացնում բացասականը: «Կարին» ավանդական երգի-պարի խմբի, «Այբար» պարախմբի, Ակադեմիայի վերապատրաստած ուսուցիչների և նրանց աշակերտների շնորհիվ տեսնում էինք մշակույթի միջոցով ստեղծվող կապը անցյալի, ներկայի և ապագայի միջև:
Դե իհարկե, բոլորին էլ հետաքրքիր էր, թե ի վերջո ինչ կբերեր ուրբաթ 13-ը: Պարզելու համար՝ մի փոքրիկ վիճակ-գուշակություն արեցինք: Մեկն իմացավ, որ իրենց «տանը չի դիպչի նազար (չար աչք)», մյուսը՝ այն, որ «Աստված իրեն ջուխտ լաճ կտա», երրորդի համար էլ բախտը գուշակեց, որ «մուշտարիքը կշատանան». ուրբաթ 13-ը բոլորին հաջողություն խոստացավ:
Մենք թխեցինք և վայելեցինք լավաշ, խմեցինք «Վան Արդի» անուշաբույր գինին, համտեսեցինք ավանդական անուշեղեն: Այս անգամ մի հաջողված փորձ էլ կատարեցինք Տաթևիկ Շախկուլյանի օգնությամբ: Միասին հորովել կանչեցինք և երգեցինք «Չինար ես» երգը:
-Դուք երբևէ փորձե՞լ եք խմբով երգել մարդկանց հետ, որոնց այդ երեկո տեսնում էիք առաջին անգամ: Ո՞չ: Ասեմ ձեզ, որ դա ֆանտաստիկ հզորություն և էներգիա է: Իսկապես, քեզ թվում է, թե թևեր ես առնում,- նշում է մեր հյուրերից Գայանե Արծրունի-Արամյանը:
Չարխափան ուրբաթ 13-ն ամփոփեցինք հայկական ավանդական քոչարի և վերվերի պարերով:
Վստահ ենք, որ այսուհետև ուրբաթ 13-ը զուգորդվելու է միմիայն դրականի, լավի և բարու հետ: