Սեմինար-քննարկումներ ուսուցիչների համար

  • Home
  • Սեմինար-քննարկումներ ուսուցիչների համար

Սեմինար-քննարկումներ ուսուցիչների համար

  • Հունիսի 20, 2018

«Ազգային երգ ու պար» առարկան հանրակրթական դպրոցի ոչ այնքան ստանդարտ առարկաներից մեկն է: Ընդամենը մի քանի տարի է, ինչ այն դասավանդվում է դպրոցներում: Թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները ոգևորված են դասերով: Սակայն ընդհանուր ոգևորությունը միշտ է՛լ ավելի է մեծանում, երբ աշակերտները ստանում են նպատակային ու հետաքրքիր առաջադրանքներ, կատարում թիմային աշխատանք և արդար գնահատվում, իսկ ուսուցիչներին էլ ցուցաբերվում է շարունակական աջակցություն, նրանք կարողանում են բարձրացնել իրենց հուզող հարցերն ու խնդիրները և միասնաբար գտնել պատասխաններ ու լուծումներ:

Սա հաշվի առնելով՝ հունիսի 16-ին Ազգային երգ ու պարի ակադեմիան (ԱԵՊԱ) «Այբ» կրթական հիմնադրամի Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) թիմի հետ կազմակերպել էր սեմինար-քննարկում Երևանի դպրոցների «ազգային երգ ու պար» առարկայի վերապատրաստվող ուսուցիչների համար:

Հանդիպման հիմնական թեման գնահատումն ու աշակերտներին տրվող առաջադրանքներն էին: Քննարկվեցին գնահատման տեսակները և գնահատում կատարելու նպատակները: Ուսուցիչները, խմբային աշխատանք կատարելով, դուրս բերեցին առաջադրանքներ, որոնցում ներառված էին աշակերտների ինքնանդրադարձը, փոխադարձ գնահատումը, խմբային աշխատանքը և այլն:

Սեմինարը վարում էր ԿԳԱԾ-ի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման բաժնի ավագ մասնագետ, բաժնի ղեկավար Հասմիկ Կյուրեղյանը:

Մեկ օր առաջ էլ քննարկում էինք կազմակերպել Արմավիրի մարզի վերապատրաստվող ուսուցիչների համար՝ կենտրոնանալով հիմնականում առարկայի գնահատման, դպրոցում առկա խնդիրների և դրանց լուծումների վրա:

Հաշվի առնելով հանդիպումների կարևորությունը և դրանց ընթացքում ուսուցիչների ակտիվությունը՝ ԱԵՊԱ-ն ջանք չի խնայի նմանատիպ հանդիպումների շարունակականությունն ապահովելու համար: